ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ԱՊՀ արտգործնախարարները Մինսկում կայանալիք հանդիպմանը մտադիր են հայտարարություն ընդունել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունների ընդունում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալու 30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև 2024 թվականի մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ», - ասել է Լեբեդևը:
Ինը երկիր հաստատել է նիստին իրենց մասնակցությունը։ Ուկրաինան և Մոլդովան ներկայացված չեն լինի ԱԳՆԽ նիստին։
Լեբեդևն ավելացրել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն, կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ խնդիրները:
Նրա խոսքով՝ նիստին կներկայացվի ԱՊՀ մասնակից պետություններ ուղարկվող պատվիրակությունների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագիծը: Բացի այդ, արտգործնախարարները նիստի ժամանակ կորոշեն, թե ԱՊՀ երկրների քաղաքներից որոնք կստանան մարզական մայրաքաղաքների կարգավիճակ 2025 ու 2026 թվականներին:
«Քննարկվելու են բազային կազմակերպությունների ստեղծման հարցերը՝ ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման, համալսարանական սպորտի և դատական համակարգերի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտներում», – ասել է Լեբեդևը:
Լեբեդևն ավելացրել է, որ հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման թեմային:
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին Մինսկում:
Հավելենք, որ երեկ Sputnik Արմենիան ՀՀ ԱԳՆ–ից ճշտեց, որ նախարար Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։