ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Անկարան Գազայում իրականացվող գործողության պատճառով Իսրայելի դեմ նոր քայլեր կձեռնարկի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Դրանք կիրականացվեն աստիճանաբար, քանի դեռ չի հայտարարվել հրադադարի մասին: Շուտով համապատասխան գերատեսչություններն այդ մասին կտեղեկացնեն հանրությանը։ Այդ գործողությունները, որոնք հավանության են արժանացել պարոն նախագահի կողմից, կիրականացվեն քայլ առ քայլ, առանց հապաղելու», - ասել է Ֆիդանը։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվելու։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։