ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Սահմանագծի հաստատումից հետո պաշտպանությունը հեշտ է։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին վստահեցրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Երբ մենք պետական սահմանի թեկուզ փոքր հատվածում կարողացանք արձանագրել, դրանից հետո սահմանագիծը երբ հաստատվի, դրա պաշտպանելը դառնում է շատ հեշտ։ Դրանից հետո կանգնելու են այն ուժերը, որոնք պատասխանատու են պաշտպանության համար»,- ասաց Քոչարյանը՝ խոսելով սահմանազատման գործընթացի մասին։
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու է որոշում կայացվել սահմանազատումը սկսել Տավուշից, այլ ոչ թե այլ վայրից, Քոչարյանն ասաց՝ որոշումը պատասխանատուներն են կայացրել փակ սենյակում։
«Ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար սկսել, դա կոչվում է գլխավոր շտաբ»,- ասաց Քոչարյանը։
Ըստ նրա՝ արդեն մեկնարկում է պետական սահմանի իրավական ձևավորման գործընթացը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարող են հայերն ու ադրբեջանցիներն իրար այդքան մոտ ապրել, ըստ Քոչարյանի՝ տարիների ընթացքում պետք է կարողանալ վերականգնել փոխվստահությունը։
«Մենք պատերազմ ենք անցել, թշնամանքը խորացել է, նախկինում էդ գյուղերն իրար հետ և՛ առևտուր են արել, և՛ ապրել են։ Մարդիկ են մահացել, ընտանիքներ են մահացել»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին էլ թշնամանք կար, բայց երկու ժողովուրդներն անվտանգային նույն տանիքի տակ էին։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասկիպարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպար, Խերիմլի և Ղըզըլգաջիլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։