ՔՊ–ականների դեմ պայթուցիկներ կիրառելու գործով ևս 1 անձի մեղադրանք է ներկայացվել

Գ․ Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել է հետախուզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՔՊ–ի գրասենյակի և ՔՊ–ական պատգամավորին պատկանող տարածքի մոտ տեղադրված ռումբերի գործով ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը փետրվարի 26-ին` ժամը 13:40-ի սահմաններում, ահազանգ է ստացել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է: Այդ տարածքում է գտնվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակներից մեկը։ Իսկ փետրվարի 22-ին էլ պայթուցիկ սարքի նմանվող առարկա էր հայտնաբերվել Երևանի Գյուլբենկյան 33 հասցում։ Այդ հասցեում գտնվող տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին:
Նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
«Քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ բացի վարույթով մեղադրյալ Գ․Ս․-ից և ինքնությունները դեռևս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաև 42-ամյա Գ․ Վ․-ն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ նշված անձինք ծրագրել և իրականացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանի և ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի հորը՝ Զ․ Սարգսյանին պատկանող ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 3 դրվագ (Ահաբեկչությանը հանցակցելը) հանցանքներ կատարելու համար Գ․Վ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է։