ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԵՄ օժանդակությունը կարևոր է մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ընդունելով Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարության հետևողական զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
«Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, 2023 թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններին։
Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը լիարժեք արտահայտված է վերոնշյալ նախագծում:
Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դերը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրներին: Կարևորվել է միջազգային հանրության հետևողական աջակցությունը՝ տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով: