Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են 6%-ով. հնարավոր է ժամկետի երկարացում

Այս տարի պլանավորված էր ավարտել Կիևյան կամրջի վերանորոգումը, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակզեկուցեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը։
«Բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման ու նորի տեղադրման, նաև կամարների վերին հատվածների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց Գեղամյանը։
Նրա խոսքով` այս տարի պլանավորված էր ավարտել կամրջի վերանորոգումը, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
«Հայտնաբերվել են նոր աշխատանքներ, որ պետք է իրականացվեն, արդեն դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որ դա ներառեն աշխատանքի մեջ»,–ասաց նա։
Գեղամյանն ընդգծեց, որ հնարավոր է` շինարարության ժամկետի երկարացում լինի:
Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամուրջը 3 տարի է` նորոգվում է. Փաշինյանի անդրադարձը խնդրին
Նշենք, որ Տիգրան Գեղամյանն ավելի վաղ նշել էր, որ կամրջի վերանորոգման աշխատանքները 2024 թվականին ամբողջությամբ կավարտվեն: Վերանորոգումն իրականացվում է հատվածային։
Կամրջի շինարարությունն ի սկզբանե կազմված էր երկու փուլից։ Առաջին փուլի աշխատանքները սկսվել են 2023 թվականին: Որոշ աշխատանքներ, որոնք նախատեսված են եղել առաջին փուլով, չեն կատարվել, քանի որ դրանք կապված են եղել երեսպատման հետ, և, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, հնարավոր չի եղել իրականացնել։
Այդ աշխատանքները նույնպես կշարունակվեն 2024 թվականին: