ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին` ՄԱԳԱՏԷ-ն, պետք է Կիևին զրկեն միջուկային օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնելու հնարավորությունից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ՝ կապված Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված հարվածների հետ։
«ԱՄՆ-ի ու նրա արևմտյան սատելիտների կողմից աջակցություն ստացող Ուկրաինան իր հանցավոր գործողություններով, ըստ էության, հասկացնում է, որ բռնել է միջուկային ահաբեկչության ուղին», - ընդգծել են նախարարությունում:
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված հարվածների և դրանց հետևանքների մեղքն ընկնում է այն պետությունների ղեկավարությունների վրա, որոնք Կիևի ռեժիմին զենք և հետախուզական տվյալներ են մատակարարում, ուսուցանում են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին և ուկրաինական հանցագործությունների տեղեկատվական հոսք ապահովում:
Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ ՌԴ-ն ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիից ակնկալում է հրապարակային և սպառիչ ճշմարտացի արձագանք:
«Յուրաքանչյուր ոք, ով նպաստում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա շրջապատի, Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության և ուկրաինական հատուկ ծառայությունների դերի լռեցմանը ռուսական միջուկային օբյեկտի վրա հարձակումներում, հանդես է գալիս նրանց հանցակիցների դերում», - հավելել են նախարարությունում։
Ըստ ԱԳՆ–ի`կայանում ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության փորձագետների գտնվելու միակ դրդապատճառն այն էր, որ նրանց ներկայությունը թույլ կտա դադարեցնել ուկրաինական հարձակումները կայանի վրա, կամ գոնե ՄԱԳԱՏԷ-ի անունից նրանք կմատնանշեն Կիևի ռեժիմը՝ որպես Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումների աղբյուր: