ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ–ում շուտով կավարտվի առցանց հարթակներում ապրանքների անվտանգության պիլոտային նախագիծը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում միջազգային հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վալենտին Տատարիցկին։
Նա նշեց, որ բիզնեսի համար, որը ապրանքները ձեռք է բերում առցանց՝ հետագա վերավաճառքի համար, սերտիֆիկացման առկայության պահանջներն արդեն ընդունվել են, բայց վերջնական սպառողներին ապրանքներ վաճառելու համար նման պահանջներ, որոնք ամրագրված են ամբողջ ԵԱՏՄ մակարդակում, դեռ չկան:
Արդյունքում, ըստ նրա, ԵԱՏՄ երկրների արտադրողները իրենց ապրանքների համար պատրաստում են որակի և անվտանգության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, իսկ երրորդ երկրների որոշ մատակարարներ դա անում են ոչ միշտ՝ դրանով իսկ հայտնվելով ավելի բարենպաստ պայմաններում։
Այդ պատճառով այժմ, Տատարիցկիի խոսքով, Եվրասիական հանձնաժողովն անցկացնում է պիլոտային նախագիծ, որի համաձայն առցանց առևտրի հարթակները պետք է հրապարակեն նշված փաստաթղթերը։
Այս նախագծին մասնակցում են ԵԱՏՄ 5 երկրներից 4-ը (բացի Ղազախստանից)։ Շուտով կամփոփվեն նախնական արդյունքները, որոնց հիման վրա երկրները կքննարկեն՝ արդյոք անհրաժե՞շտ է այդ պահանջները պարտադիր դարձնել բոլոր ապրանքների և վաճառողների համար։