Բուրիչը գոհ է ՀՀ կառավարության քայլերից. Փաշինյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ու Նիկոլ Փաշինյանը
ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն արդյունավետ կերպով է կյանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղություններով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Բուրիչը կարևորել է Եվրոպայի խորհրդի և ՀՀ կառավարության սերտ գործակցությունը, այդ թվում՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը միտված քայլերին: Այս համատեքստում Փաշինյանը շեշտել է ՀՀ կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը:
Նա կարևորել է ԵԽ-ի դերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման և միջազգային աջակցության ցուցաբերման գործում։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:
Այս համատեքստում ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ:
Հիշեցնենք` Բուրիչը Հայաստան է ժամանել այսօր։ Ավելի վաղ նա հանդիպել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։