Եվրոպական միությունը 4 տարվա կտրվածքով Հայաստանի զարգացման համար 270 միլիոն եվրո գումար կտրամադրի, Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երեկվա հանդիպմանը նախորդած ճեպազրույցում հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Նրա խոսքով` Եվրամիությունը պատրաստ է օգնել Հայաստանին զարգացման ծրագիր մշակելու հարցում, և այդ միջոցները կհատկացվեն բիզնեսին աջակցելու, նորարարությունների զարգացման և արտաքին շուկաներ դուրս գալու համար։ Միացյալ նահանգների պետքարտուղար Բլինքենն էլ իր հերթին Վաշինգտոնի անունից ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն խոստացավ։ Ըստ Բլինքենի` Միացյալ Նահանգները մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանի պետական կառավարման ու տնտեսության ոլորտներում։
«Բրյուսելյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ մեր տարածաշրջանում Արևմուտքը Հայաստանի հետ կապված որևէ տնտեսական աշխարհացունց ծրագիր չունի։ Այն ծրագրերը, որոնք իրականացնում են Ամերիկայի միացյալ նահանգներն ու Եվրամիությունը, կշարունակվեն մի քիչ ավելի մեծ մասշտաբներով»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։