Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն վստահեցնում է՝ ադրբեջանական ԶՈւ-ն հերթական անգամ իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ կրակել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ապատեղեկատվություն է անվանել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ևս Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։