Telegram-ը` թմրանյութերի թակարդ անչափահասի համար, կամ ինչպես պաշտպանել երեխային

Գրառում պատի վրա
Ներկայում 650–ից ավելի տելեգրամյան ալիք, 110-ից ավելի զրուցարան (chat) և խանութ–հարթակ ոստիկանության ծառայողները մոնիթորինգի են ենթարկում, որպեսզի հայտնաբերեն դրանց հետևում կանգնած և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց։
Sputnik
Թմրամիջոցներն այսօր առավել հասանելի են, քան երբևէ. Երևանի շենքերի, գետնանցումների և կամարանցումների (դալանների) պատերին պարբերաբար գրություններ կամ QR կոդեր են հայտնվում։ Sputnik Արմենիան շրջել է և արձանագրել դրանք։ Հիմնականում սև գույնի ներկով գրվածքներ են` նշվում են Telegram-հավելվածի տարբեր ալիքների հասցեներ։
Ընդամենը հեռախոսով անունը գրելով կամ QR կոդը սկանավորելով՝ հնարավոր է թմրանյութ պատվիրել ու ստանալ։ Ամեն ինչ արվում է անանունության սկզբունքով` առցանց։ Թմրամիջոց իրացնողները քաղաքի որևէ հատվածում դնում են ապրանքը, ապա նկարում տեղանքը, որպեսզի պատվիրատուն հեշտությամբ գտնի այն։ Այս «ոլորտում» թմրամիջոցի իրացմամբ զբաղվողները հիմնականում 25-40 տարեկան անձինք են, բայց անչափահասներ նույնպես կան, ու նրանք քիչ չեն։
1 / 5

Գրառում պատի վրա

2 / 5

Գրառում պատի վրա

3 / 5

Գրառում պատի վրա

4 / 5

Գրառում պատի վրա

5 / 5

Գրառում պատի վրա

Վիճակագրությունը մտահոգիչ է

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության թմրաբիզնեսի դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց 2023 թվականի վիճակագրական տվյալները։
Դավիթ Պետրոսյան
Եվ այսպես՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը 2022 թվականի համեմատ ավելացել է 2804-ով՝ կազմելով 5070, դրանցից 2802-ը վերաբերում են իրացմանը։ Թմրամիջոցները հիմնականում ՀՀ են ներմուծվում Իրանից, ԱՄՆ–ից և Ռուսաստանից, ինչպես նաև Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Իսպանիայից։ Երկրում թմրամիջոցներից ամենատարածվածը կանաբինոիդներն են, մասնավորապես՝ մարիխուանան, հաշիշը, «սփայսը» (սինթետիկ կանաբինոիդ)։ Հենց սրանք արյան մեջ ամենաերկարն են մնում, ամենաքիչը՝ 21-30 օր, եթե 1-2 անգամ է օգտագործել։ Մշտական գործածման դեպքում նույնիսկ ամիսներ անց կարելի է հայտնաբերել։ Ափիոնի խմբին պատկանող թմրամիջոցներն արյան մեջ լինում են մինչև 100 ժամ, բայց մեթադոնը (ափիոնի խումբ) մնում է 7 օր։
Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ արձանագրված դեպքերի աճը պայմանավորված է առաջին հերթին թմրաշրջանառության դեմ իրավապահների պայքարի արդյունավետության շնորհիվ։ Ըստ նրա` դեպքերն ավելացել են նաև այն հանգամանքի շնորհիվ, որ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է եղել, ու այժմ նախաքննության մարմինը նույնիսկ բուսական ծագման և քիչ չափով թմրամիջոց հայտնաբերելու դեպքում դրանց հնարավոր իրացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնում։ Ավագ օպերլիազորը չժխտեց նաև, որ, այնուամենայնիվ, աճ կա նաև վաճառողների և օգտագործողների շրջանում։
Թմրաշրջանառության համար քրեական պատասխանատվության ենթարկվածները

2023

2022

Ընդհանուր

1244

760

Կին

46

33

Տղամարդ

1188

721

Անչափահաս

10

6

Ոստիկանության ծառայողը մի դեպք հիշեց, երբ 17-ամյա մի երիտասարդի էին ձերբակալել, որը պատվիրել և Ուկրաինայից հեղուկ վիճակում «α-PVP» տեսակի թմրամիջոց էր ստացել, չորացնելով ստացել էր բյուրեղանման զանգված, ապա սկսել էր իրացնել այն։ Նա ձեռք էր բերել նաև «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց։ Այդ ամենը պատրաստելու և փաթեթավորելու համար 17-ամյա տղան Երևանում տուն էր վարձակալել, այնտեղ լաբորատորիա ստեղծել` ձեռք բերելով հակագազեր, կշեռքներ, փաթեթավորման համար հատուկ պարագաներ, օդափոխման համակարգ, համապատասխան այլ սարքավորումներ։ Տղան «Մեֆեդրոնը» և «α-PVP»–ն փաթեթներով տեղադրել էր Երևանի տարբեր հատվածներում, որպեսզի իրացներ դրանք։
Դավիթ Պետրոսյան
Ձերբակալությունից հետո, երբ ընտանիքին տեղյակ էին պահել, բաժին եկած ծնողները չէին հավատացել, որ իրենց որդին կարող է կապ ունենալ վերը նշվածի հետ։ Նույնիսկ ոստիկանությունում իրենց երեխային բնորոշել էին որպես խելոք և սովորող երեխա։ Ճշմարտությունը ստիպված են եղել ընդունել, երբ իրավապահները փաստեր են ներկայացրել։

Համացանցով թմրամիջոց իրացնելն անվտանգ է թվում

Թե ինչու են հանցագործներն ընտրում հենց Telegram հավելվածը, պատասխանը մեկն է` անձնական տվյալները հնարավոր է թաքցնել։ Այս հավելվածն առանձնանում է մյուսներից առաջին հերթին իր օգտատերերի տվյալները պահպանելու ու իրավապահներին չտրամադրելու առումով, սակայն դա չի նշանակում, որ իրավախախտներն անպատիժ են մնում. ոստիկանության հաղորդագրություններում հաճախ կարելի է հանդիպել այս կամ այն տելեգրամյան ալիքի «վնասազերծման» մասին տեղեկության։

2023 թվական

Առկա է

Փակվել է

Telegram էջ

650 և ավելի

126 և ավելի

Telegram-ի զրուցարան (chat) և խանութ–հարթակ

110 և ավելի

150 և ավելի

«Դեպքերի ավելացումը պայմանավորված է նաև համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության ծավալների աճով։ 2023 թվականին ՀՀ–ում այս տարբերակով թմրամիջոցի իրացման 489 դեպք է արձանագրվել (2022 թվականին` 124 դեպք)»,– ասաց Պետրոսյանը։
Հաճախ և՛ համացանցում, և՛ հանրության շրջանում կարելի է հանդիպել բողոքներ, թե թմրամիջոցներն իրացվում են դպրոցների հարակից տարածքներում կամ հենց ներսում։ Ոստիկանությունում նմանատիպ դեպքերի մասին ահազանգեր չեն ստացվել։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության թմրաբանական (նարկոլոգիական) ծառայությունների կողմից թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված է 7772 մարդ։ Նրանցից 7-ն անչափահաս է, 13-ը՝ 18 տարեկան։

Ընդհանուր հաշվառվածներ

7772

Կանայք

180

Տղամարդիկ

7585

Անչափահասներ

7

Կենտրոնի փոխտնօրեն, նարկոլոգ Գայանե Վարդազարյանը շեշտեց, որ նման թվեր նախկինում չեն եղել, և վերջին տարիներին միտումը, որ նկատվում է դեռահասների և կանանց շրջանում, անհանգստացնող է։ Նրա խոսքով`իրենց դիմող անձանց մեծ մասը թմրամիջոց օգտագործել սկսել է դեռահասության տարիքում։ Վարդազարյանը վստահ է` միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունն ակնհայտ է։
Գայանե Վարդազարյան
«Շատ մեծ միամտություն կլինի կարծել, որ հանրապետությունում ընդամենը 20 անչափահաս է թմրամիջոց գործածում։ Միանշանակ կա այն երևույթը, որ գուցե ծնողները չբերեն իրենց երեխային՝ խուսափելով շրջապատի բացասական արձագանքից կամ վերաբերմունքից։ Դա սխալ վարքագիծ է, թաքցնելը դրական որևէ արդյունքի չի հանգեցնի»,– նշեց նարկոլոգը։

Հոգեբաններն իրենց մոտեցումներն ունեն

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանը վստահ է` դեռահասների հետ շփումներում պետք է 2 բան տարանջատել` վարքային առանձնահատկությունները և ընտանիքի հետ հարաբերությունները։
Վստահեցնում է` ընտանիքի դերը շատ մեծ է, ու երեխայի հետ հարաբերությունները պետք է վաղ մանկությունից կառուցել։
Նարինե Աբրահամյան
«12-15 տարեկանում ծնողներին ընդդիմանալու փորձերը նորմալ են։ Երեխայի դեռահասության տարիքում է երևում այն, թե ինչ ես ցանել, որովհետև հենց այդ շրջանում ստիպված ես լինում հնձել դրա պտուղները։ Եթե ծնողներն այնպես են արել, որ երեխայի համար ընտանիքը դարձել է մի վայր, որտեղ առանց խնդիրների վարքագիծ է ակնկալվում, ապա դա լուրջ խնդիրների կարող է հանգեցնել»,– նշեց Աբրահամյանը։
«Զբոսնող» առնետներ, դիակ, գողացված լուսարձակներ. ի՞նչ վիճակ է Երևանի գետնանցումներում
Շեշտեց՝ հաճախ ծնողները պարտադրում են, որպեսզի երեխան իրենց հարմար վարքագիծ դրսևորի, միայն բարձր գնահատականներ ստանա, ու չնայած նրան, որ դրանք լավ նպատակներ են, այնուամենայնիվ, երեխայի մոտ համոզմունք է առաջանում, որ ինքն ընդունելի է ընտանիքում միայն այն դեպքում, երբ խնդիրներ չի ստեղծում։ Ու հենց այդ ժամանակ էլ հայտնվում է վատ շրջապատում, որտեղ նրան ընդունում են այնպես, ինչպես կա՝ առանց առաջադիմության մասին տեղեկանք հարցնելու։
Երեխան պետք է վստահ լինի, որ ինչ դժվարության էլ կյանքում հանդիպի՝ ընտանիքն առաջինն է իրեն պաշտպանելու։ Հոգեբանը վստահ է՝ երեխային պետք է ազատություն տալ, բայց միևնույն ժամանակ ներգրավված լինել նրա կյանքում։
«Պետք է ոչ թե երեխայի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վերջնարդյունքից, այլ պրոցեսով հետաքրքրվել, որպեսզի նա հասկանա՝ ինքն է ձեզ համար առաջնային, ոչ թե օրինակ՝ դպրոցում ստացած գնահատականը»,- նշեց Աբրահամյանը։

Ինչպես հասկանալ` երեխան թմրամիջոց օգտագործում է, թե ոչ

Դեռահասի մոտ թմրանյութերի օգտագործման հիմնական ախտանշանները տարբեր են` վարքի փոփոխություն (քունն է խանգարվում, դառնում է չափազանց պասիվ կամ ակտիվ, անտարբեր, տրամադրության անհիմն փոփոխություններ), բիբի լայնացում, աչքերում կարմրություն, լույսի նկատմամբ արձագանքի բացակայություն, ախորժակը նկատելիորեն ավելանում է կամ առհասարակ ոչինչ չի ուտում, նիհարում է և այլն։
Թմրանյութ օգտագործողները կամա թե ակամա դառնում են ստախոս, ծնողների հետ զրույցներից խուսափում են, «գրպանի ծախսերն» էլ նկատելի ավելանում են։
Այսպիսով` եթե կասկածում եք կամ համոզվել եք, որ ձեր երեխան թմրանյութեր է օգտագործում, ապա առանց ձգձգելու պետք է դիմել մասնագետի՝ մի կողմ դնելով բոլոր մտքերը. «Վայ, հանկարծ ուրիշները չիմանան». երեխայի կյանքը հաստատ թանկ է ամեն ինչից։
2023-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 123.7 տոկոսով. Դավիթ Պետրոսյան