ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մաս էր։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Երբևէ այսպիսի ձևաչափով ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպում չէր եղել, համենայնդեպս ՀՀ-ի հետ հարաբերությունների առումով։ Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Սա ո՛չ սկիզբն էր, ո՛չ էլ ամենևին ավարտը, այլ մեծ գործընթացի կարևոր մաս»,– ասաց նա։
Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը սերտացնում է հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ։
«Ապրիլի 5-ին կայացած հանդիպման համատեղ արդյունքներով մի քանի կարևոր ուղղություններ են նշվում, որոնք մեզ համար չափազանց կարևոր են` սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից։ Սա կարևոր քաղաքական հայտարարություն էր, որի կարիքն իսկապես այսօր ունենք»,– նշեց նախարարը։
Միրզոյանը շեշտեց` հանդիպման ժամանակ անվտանգային թեմաներ չեն քննարկվել, ռազմական բաղադրիչ չի եղել քննարկումների սեղանին։
«Բայց մյուս կողմից այն ամենը, ինչի մասին խոսել ենք, նաև երկրի դիմակայության ավելացման մասին է, որը ևս անվտանգային մաս է դառնում»,– ասաց նա։
Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։