Մովսես գյուղում ադրբեջանական կրակոցների ժամանակ երեխան հրաշքով է փրկվել. համայնքի ղեկավար

Համայնքի ղեկավարի խոսքով` վերջին 3–4 տարում նման կրակոցներ գյուղում չէին եղել, բայց չնայած դրան մարդիկ հանգիստ են, խուճապ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական կրակոցների ժամանակ տներից մեկում քնած երեխան հրաշքով է փրկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը։
«Փամփուշտներից մոտ 4 տուն է վնասվել, այդ տներից մեկի պատուհանի տակ երեխա է քնած եղել, պատուհանի ապակին կոտրվել է։ Կրակոցից 2 գերեզմանաքար է կոտրվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,–ասաց Փոլադյանը
Նրա խոսքով` վերջին 3–4 տարում նման կրակոցներ գյուղում չէին եղել, բայց չնայած դրան` գյուղում մարդիկ հանգիստ են, խուճապ չկա։
Այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան։
Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով Տավուշում մեքենա, գերեզմանաքար և տներ են վնասվել
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։