ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, անհայտ անձինք հարձակվել են պարեկների վրա: Հարձակվողներից մեկը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է «Nour News» գործակալությունը՝ հղում անելով նահանգի իրավապահ ուժերի հրամանատարության մամուլի կենտրոնին։
«Մեկ ժամ առաջ Կորինի ոստիկանական բաժանմունքի պարեկախումբը, որը ծառայություն է իրականացրել այդ շրջանում, հարձակման է ենթարկվել։ Զոհվել են երկու ժամկետային զինծառայողներ, մեկ ոստիկան վիրավորվել է։ Ձերբակալվել է տեղում հրազենային վիրավորում ստացած մեկ անձ: Միջոցներ են ձեռնարկվում մյուս զինված հանցագործներին ձերբակալելու համար», - նշում է գործակալությունը։
Հիշեցնենք` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ահաբեկիչները հարձակվել էին Ռասկ և Չաբահար քաղաքներում գտնվող ոստիկանական բաժանմունքների վրա։ Ըստ իրանական ԶԼՄ–ների` ահաբեկիչների հարձակման հետևանքով 8 ուժային էր սպանվել, ևս 10–ը` վիրավորվել։ Ոստիկանական բաժանմունքների վրա հարձակված 15 ահաբեկիչները ոչնչացվել էին։