ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հնարավոր է` Հովհաննես Այվազովսկու և Վարդգես Սուրենյանցի աշխատանքները ցուցադրվեն Փարիզում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում, համագործակցության հարցեր է քննարկել Քե դը Օրսեյի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Քրսիտոֆ Լերիբոյի և Լուվրի թանգարանի տնօրեն Լորանս դը Կարսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։
«Անդրեասյանն Օրսեյի տնօրինությանն առաջարկել է այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությանը՝ նշելով, որ այն ավանգարդի և իմպրեսիոնիզմի հարուստ հավաքածու ունի։ Քննարկվել են նաև Այվազովսկու և Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսները կազմակերպելու հնարավորությունները»,– ասված է հաղորդագրությունում։
Լուվրի թանգարանի տնօրենի հետ հանդիպմանն էլ քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ցուցադրություններ կազմակերպելու հնարավորությունը:
Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան՝ ներկա գտնվելու Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» նոր ցուցադրության բացմանը, ինչպես նաև տեղում քննարկելու համադրվող ցուցադրության ցուցանմուշների հարցերը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: