ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հայաստանում ավարտվում է ոռոգման համակարգի արդիականացումը, որն ընդգրկել է երկրի բոլոր մարզերը, ինչին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) հատկացրել է 40 մլն դոլար: Այս մասին հայտնում է ԿԶԵՀ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացման նախագիծը թույլ կտա նվազեցնել ջրի կորուստները, որոնք որոշ հատվածներում հասել են 90%-ի։ Ոռոգելի հողագործությունը վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի համար․ գյուղատնտեսական արտադրության 80%-ը բաժին է ընկնում հենց ոռոգվող հողատարածքներին։
«Ոռոգման նախագծի իրագործման հաշվին ոռոգվող հողերի մակերեսը կավելանա գրեթե 35 հազար հեկտարով։ Կվերականգնվեն 340 հազար մետր գլխավոր և ներտնտեսային ջրանցքներ, ինչը թույլ կտա գյուղական վայրերում բարձրացնել զբաղվածությունը և նվազեցնել աղքատությունը: Կբարձրանա ոռոգման համակարգերի արդյունավետությունը, ներառյալ տարեկան 14,4 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի տնտեսումը պոմպային համակարգերի փոխարեն ինքնահոսի սկզբունքի կիրառման հաշվին», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Հայաստանում ԿԶԵՀ-ի պորտֆելը ներառում է 10 նախագիծ՝ 533 մլն դոլարի չափով: Օրինակ՝ հիմնադրամը 150 մլն դոլար է հատկացրել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի չորրորդ փուլի կառուցման համար։ Մայրուղին անցնում է երկրի 11 շրջաններից 7-ով: Ճանապարհը Կենտրոնական Ասիան և Հնդկաստանը կապում է Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ ։
Քննարկման փուլում են ևս 300 մլն դոլարի նախագծեր։ Քննարկվում է նաև Քաջարանի թունելի կառուցումը (200 մլն դոլար):
Բացի այդ, պատրաստվում է 100 մլն դոլար ֆինանսական վարկ տրամադրել բյուջեին աջակցելու համար։ Միջոցները կուղղվեն ֆիսկալ ռիսկերի նվազեցմանը և ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացմանը, որը նախատեսում է տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման, կայուն զարգացման միջոցներ:
Հիշեցնենք, որ ԿԶԵՀ–ը հիմնադրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից՝ իր մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: ԿԶԵՀ-ի միջոցների հաշվին բյուջետային աջակցություն է ցուցաբերվում վերոնշյալ երկրներին, իրականացվում է ռազմավարական ներդրումային նախագծերի ֆինանսավորում, տրամադրվում են դրամաշնորհներ սոցիալական ծրագրերի իրականացման համար: