ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Չի բացառվում, որ Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում, որն ուղեկցվում է ոչ միայն կեղծ տեղեկությունների կտրուկ ավելացմամբ, այլև առաջնագծի մի շարք ուղղություններում կրակահերթերի իրականացմամբ: Մինչև այս պահը դրանք լուրջ միջադեպեր չեն եղել, ինչը չի բացառում, որ իրադրությանը նոր սրություն հաղորդելով՝ Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության»,– նշել է Աբրահամյանը։
Պատգամավորը չի կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողության կգնա (ուրիշ բան, որ դա կարող է հետո վերաճել), սակայն սահմանագծի մի շարք վտանգավոր ուղղություններով, միգուցե փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ, այնպես, ինչպես ճակատի այլ ուղղություններով իրականացրեց 2020-23 թթ.-ին:
Նա ընդգծել է, որ թեման առավել վտանգավոր է դարձել հատկապես ՀՀ իշխանության` Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրերը ադրբեջանական հռչակելուց հետո, որն ըստ էության Ադրբեջանի համար գործելու բարենպաստ դաշտ է բացել։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։