ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները: Այս հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի ԶՈւ–ի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով` Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների` վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ–ն չարդարացված է համարում նաև ՀՀ ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները` ընդգծելով, որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:
Գերատեսչությունը միաժամանակ հիշեցնում է, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք:
«Անհասկանալի են նաև Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում»,–նշված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ–ն պաշտոնապես վերահաստատում է ՀՀ–ի նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված առաջարկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։