Ադրբեջանական զինուժի կրակոցները խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակ ունեն. ՄԻՊ

Չինարի
Պաշտպանի աշխատակազմը փաստեր է հավաքագրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ ունեն։ Այս հայտարարությունն արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
ՄԻՊ աշխատակազմը ապրիլի 6-ին ահազանգեր է ստացել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ։
«Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,– ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում և փաստերի հավաքագրում է իրականացնում։ Այս պահին ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ` տներ, գերեզմանաքարեր, քաղաքացիական մեքենա:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։