ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքում պարբերաբար թափահարվող Հայաստանի քարտեզի ուրվագիծը, սև գլխարկը և նրա սեղանին վերջերս հաճախակի հայտնվող ավազի ժամացույցները Արևմուտքի թելադրած խորհրդանիշներն են։
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս պնդումն է արել «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանը` ներկայացնելով լսարանի վրա ազդելու նպատակով Հայաստանի իշխանությունների կիրառած նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մեթոդների վերաբերյալ իր դիտարկումները։
«Լատունի կտորը, կեպին, որը դնում է նա, ավազի ժամացույցները սեղանի վրա` տարբեր միջավայրերում տարբեր գույների. այս ամենը նույն փաթեթն է, որով Արևմուտքը դարձյալ ազդում է թիրախային խմբի վրա»,– ասում է Մադաթյանը։
Հոգեբանը համոզված է`ինչպես այս, այնպես էլ 2018թ–ի հեղաշրջման և 2020թ–ի պատերազմի օրերին կիրառված խորհրդանիշներն ու մեթոդները իրականում արևմտյան լուրջ մասնագետների մեթոդներն են` հոգեբանական առումով շատ գրագետ մշակված, նեյրոլինգվիստիկ առումով ճիշտ ձևակերպված և ազդեցիկ խորհրդանիշներով։