ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել է 2023թ-ին Հայաստանում ուղիղ ներդրումների հիմնական աղբյուր՝ 100,8 մլրդ դրամ, աճը 2002թ-ի համեմատ` գրեթե 70 անգամ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
2022-ին ԱՄԷ-ից արտասահմանյան ներդրումների հոսքը կազմել է ընդամենը 1,5 մլրդ դրամ, իսկ Ռուսաստանից՝ մոտ 109 մլրդ դրամ։ Այդ հոսքերի վերաուղղորդումը մասամբ կարող է նշանակել, որ «նորեկ» ռուսական կապիտալի մի մասը Հայաստանից ուղղվել է դեպի Էմիրություններ։
Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալը մեկ տարում կազմել է 197,3 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով ՝ շուրջ 487 մլն դոլար)։
Նշենք, որ ԱՄԷ-ն համարվում է համաշխարհային «ֆինանսական հանգրվաններից» մեկը (խոշոր միջոցներ պահելու և համեմատաբար լիբերալ վերահսկողությամբ գործարքներ կատարելու հուսալի վայր)։
Մասնավորապես ԱՄԷ են տեղափոխվել և իրենց հաշիվները փոխանցել բազմաթիվ ունևոր ռուսաստանցիներ՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։ Էմիրությունների և Հայաստանի (ինչպես նաև ռելոկանտների տեղափոխման այլ ուղղությունների) միջև պահպանվում են ակտիվ ֆինանսական հոսքեր (այդ թվում՝ ձեռնարկությունների մակարդակով)։
Պետք է նշել, որ ուղիղ ներդրումների ծավալը ներառում է նաև առևտրային հոսքերի մի մասը (մասնավորապես այն գումարները, որոնք գնորդ ընկերությունը փոխանցել է, բայց դրանց համար դեռ ապրանք չի ստացել): Մոտ 40,2 մլրդ դրամ (100 մլն դոլարից մի փոքր պակաս) ներդրում է կատարվել Լյուքսեմբուրգում (ևս մեկ «ֆինանսական հանգրվան»)։
Մոտ 26 մլրդ դրամ (64 մլն դոլար) բաժին է ընկել Կանադային (Ամուլսարի ոսկու հանքավայրում «Lydian»-ի ներդրումների հաշվին), 9,5 մլրդ դրամ (23 մլն դոլարից մի փոքր ավելի)՝ Ֆրանսիային։
Ուղիղ ներդրումների արտահոսք է գրանցվել Ռուսաստանից (-25,1 մլրդ կամ մոտ 62 մլն դոլար), Կիպրոսից (-25,9 մլրդ կամ մոտ 64 մլն դոլար), Գերմանիայից (-9,3 մլրդ կամ մոտ 23 մլն դոլար):
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումներին, ապա դրանք 2023 թ-ին նվազել են 58 մլրդ դրամով (148 մլն դոլար)՝ հասնելով 138 մլրդ դրամի (352 մլն դոլար)։