ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ ՏՄ) 2 ստորաբաժանման ղեկավարներ Ա. Ս.-ի և Կ. Կ.-ի, ինչպես նաև նույն ՏՄ–ի 4 աշխատակցի վերաբերյալ գործը դատարանում է։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Տեսչական մարմնի պաշտոնյաները Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների 9 սեփականատիրոջից կաշառք են վերցրել շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ ավարտական փաստաթղթերում դրական կարծիք տալու համար։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ այդ անձինք ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից 2023 թվականի հոկտեմբեր–դեկտեմբեր ամսիներին ստացել են 8 800 ԱՄՆ դոլար և 5 մլն ՀՀ դրամ կաշառք»,– ասված է հաղորդագրությունում։
Կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանց, ինչպես նաև շինությունների սեփականատերերին մեղադրանքներ են ներկայացվել։ Պաշտոնյաներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։