Իսրայելում պնդում են` իրանական հնարավոր հարձակման մասին հետախուզական տվյալներ ունեն. ԶԼՄ

Իսրայելցի զինվորական
Իրանը հայտարարել է, որ վճռական պատասխան կտա Դամասկոսում Իսրայելի հարվածին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ հետախուզական տվյալներ ունեն, որոնց համաձայն` Թեհրանը Սիրիայում իրանական հյուպատոսության վրա իսրայելական հարվածից հետո կարող է հարձակվել Իսրայելի վրա։ Այս մասին գրում է Axios–ը։
Ըստ աղբյուրի` Իրանը դա կարող է անել իր տարածքից հրթիռներ արձակելով կամ անօդաչու թռչող սարքերով։
Ավելի վաղ Իրանի և Իրաքի սահմանի մոտ թռչող լուսարձակող օբյեկտ էին նկատել:
Հիշեցնենք` ապրիլի 1-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Իսրայելը հարվածել է Դամասկոսում (Սիրիա) Իրանի հյուպատոսությանը: Հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Զոհվածների թվում են Սիրիայում և Լիբանանում «Քուդս» ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:
Թեհրանը հայտարարեց, որ վճռական պատասխան կտա Դամասկոսում Իսրայելի հարվածին։
Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը, իրադրության օպերատիվ գնահատմանը համապատասխան, կարգադրել է ժամանակավորապես չեղարկել բոլոր մարտական ստորաբաժանումների զինծառայողների համար նախատեսված արձակուրդները:
Մոսկվան խստորեն դատապարտել է Իսրայելի ավիահարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի ուղղությամբ՝ անընդունելի համարելով դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Միևնույն ժամանակ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականության վերաբերյալ։