ՀՀ-ում «Ռուսալի» դուստր ընկերությունն առաջին եռամսյակում հատել է 500 000 տ արտադրանքի շեմը

Առկա ցուցանիշները «Արմենալի» համար առաջին տեղն են ապահովել պատրաստի արդյունաբերական ապրանք արտադրողների և արտահանողների շարքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. «Արմենալ» գործարանը, որը «Ռուսալի» դուստր ընկերությունն է, առաջին եռամսյակում հատել է 500 հազար տոննա արտադրանքի շեմը, հայտնել են ձեռնարկությունից:
«Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ Երևանի «Արմենալ» փայլաթիթեղի գործարանը թողարկել է 500 հազար տոննա արտադրանք։ Այդ ծավալն արտադրվել է աշխարհի խոշորագույն ալյումինային ընկերություններից մեկի՝ «Ռուսալի» կազմում է 2000 թվականի մայիսից սկսած ձեռնարկության աշխատանքի ընթացքում»,-ասված է գործարանի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ առաջին 100 հազար տոննայի արտադրության համար պահանջվել է ավելի քան տասը տարի, իսկ վերջին 100 հազար տոննայի համար՝ երեք տարուց մի փոքր ավելի։
Ընկերությունում նաև հայտնել են, որ արտադրության հաստատուն աճը «Արմենալի» համար առաջին տեղն է ապահովել Հայաստանի պատրաստի արդյունաբերական ապրանք արտադրողների և արտահանողների շարքում:
«Չնայած բազմաթիվ արգելքներին և առկա խնդիրներին՝ «Արմենալը» ևս մեկ բարձր նշաձող հաղթահարեց։ Դա հնարավոր դարձավ համախոհների և բարձրակարգ մասնագետների միջուկի համակարգված աշխատանքի շնորհիվ։ Գործարանի թիմն առջևում դեռ շատ բարձունքներ ու աշխատանքային նվաճումներ ունի»,- ասվում է «Արմենալի» գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի հայտարարության մեջ։
«Արմենալ» գործարանը 2000 թվականից «Ռուսալի»-ի կազմում է։ Հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործման էր հանձնվել 1950 թվականին։