ԵՐԵՎան, 5 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն դիտարկում է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն ձևաչափով հանդիպումը որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու հավաքական Արևմուտքի հերթական փորձ:
«Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և ապակառուցողական միջամտությունը, տարածաշրջանի երկրների ու դրանց հարևանների միջև սեպ խրելու ձգտումը կարող է ամենաբացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանում կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար, ստեղծել նոր բաժանարար գծեր, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճ», - նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունից նշում են, որ ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում իր ծայրահեղ վտանգավոր մտահղացումների իրականացման գործիքը։ «Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, վաղանցիկ խոստումների ներքո ձգտում են հասնել ՀԱՊԿ - ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազային ու սահմանապահների դուրսբերմանը», - ընդգծվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից կոչ են անում ՀՀ ղեկավարությանը թույլ չտալ Արևմուտքին խաբել իրենց և երկիրը տանել սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակումով, տնտեսության մեջ լուրջ խնդիրների և բնակչության արտահոսքի առաջացմամբ:
«Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն համեմատվում բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ (2018 թվականից ի վեր քառապատկվել է) և, որպես հետևանք, տնտեսության ռեկորդային աճ և բնակչության բարեկեցության բարձրացում», - նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։