ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանը ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ «Եվրաջասթի» հետ, համաձայնագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիեր Ռեյներսը և Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտը։
Նշվում է, որ համաձայնագրի շրջանակում իրավասու մարմինները կկարողանան համագործակցել միմյանց հետո քրեական արդարադատության ոլորտում։
«Մենք սերտ համագործակցություն ունեցել ենք «Եվրաջասթի», «Եվրոպոլի» հետ՝ նույնիսկ առանց համաձայնագրի, բայց այժմ այս համաձայնագիրը կոչված է ամրապնդելու և համագործակցությունը ինստիտուցիոնալ դարձնելու: Այս համաձայնագրի ստորագրմամբ մենք նաև մեկ քայլ մոտենում ենք Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական իրականացմանը: Սա դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար»,– ասել է Միրզոյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանն ի սկզբանե հետաքրքրված է եղել այս համագործակցությամբ, առաջին երկիրն է եղել, որ սկսել է բանակցությունները, և Հայաստանն առաջին երկիրն է, որ ստորագրում է համագործակցության համաձայնագիրը։