ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվելուց հետո հնարավոր է` մի շարք փոփոխություններ անի նախարարների կաբինետում և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմում: Այս մասին գրում է «Hürriyet» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Էրդողանը ապրիլի 2-ին նիստ է անցկացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարության հետ: Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ կուսակցությունը տեղական ընտրություններում չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել բացթողումների պատճառով, արդյունքները կվերլուծվեն:
«Փոփոխությունները, որոնք վերաբերում են կուսակցության շտաբին և նախարարների կաբինետին, պետք է տեղի ունենան առանց հապաղելու։ Սպասվում է, որ որոշ «մաշված» նախարարներ և փոխնախագահներ կփոխարինվեն։ Եթե այդ փոփոխությունները ժամանակին չկատարվեն, ապա այս անգամ սպասումները կարող են հիասթափության վերածվել»,- գրում է սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Հիշեցնենք` Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին մարտի 31-ին: Նախնական տվյալներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանեցին պաշտոնները։