ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մոսկվայի Բասմանի դատարանը այսօր կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 11-րդ կասկածյալին՝ Մուհամմադ Զաքիր Շարիպզոդուին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Շարիպզոդուն ծնունդով Տաջիկստանի Հանրապետությունից է, մեղադրվում է «ահաբեկչական գործողություն կատարելու» հոդվածով:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: