ԱՄՆ–ն Բրյուսելում Հայաստանին խոստումներ է տվել. ինչի՞ մասին է խոսքը

Փաշինյան–Բլինկեն—Ուրսուլա ֆոն դոր Լյայեն հանդիպումը Բրյուսելում
Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու և մի շարք այլ ենթակառուցվածքներ ընդլայնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն աշխատում է Հայաստանի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Հաղորդագրությունում ասվում է, որ Վաշինգտոնը հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը։
«Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ–ն նախատեսում է ավելի քան 65 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, ինչն ավելի քան 50 տոկոսվ ավելի է, քան 2 տարի առաջ։ Եվրամիությունն էլ Հայաստան–ԵՄ գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով 270 մլն եվրո է տրամադրելու` «2024-2027 թթ. համար Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակում։