ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով, որը տրվում է Հայաստանի ազգային հերոսի կոչման արժանացած անձանց։ ՏԵղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձրագույն պարգևը հանձնել է Տիգրան Իզմիրլյանի որդուն` Սարգիս Իզմիրլյանին։
ՀՀ նախագահն իր ելույթում ասել է, որ դժվար է թերագնահատել Տիգրան Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում:
«Իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ և հայրենիքի հանդեպ սերը գործով, ստեղծելով ու կառուցելով ի ցույց դնելու սկզբունքներով։ Մեզ շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի թվարկենք 1990 թվականից ի վեր «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք հենց ասվածի վկայությունն են»,– ասել է նա։
Խաչատուրյանը բարձր է գնահատել Իզմիրլյան ընտանիքի ավանդը և գործունեությունը Հայաստանի զարգացման գործում:
Նա հույս է հայտնել, որ մենք հետագայում, շարունակելով մեր համագործակցությունը, նոր հաջողություններ կարձանագրենք:
Նշենք, որ հայ եկեղեցու հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնական նվիրատու Տիգրան Իզմիրլյանին կոչում շնորհելուց հետո Հայաստանի ազգային հերոսների թիվը դարձավ 28։