ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Բարերար Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչումկշնորհվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու առիթով ընդունել է նրա որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:
«Իսկապես շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, այն մեր երախտագիտության արտահայտումն է այն գործունեության համար, որը Ձեր ընտանիքը ծավալել և ծավալում է մեր հանրապետությունում։ Մենք հույս ունենք, որ համագործակցությունը, որ կարողացել ենք ձևավորել կառավարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև, կլինի շարունակական»,- նշել է վարչապետը։
Սարգիս Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։
«Այն ամենը, ինչ նա արել է Հայաստանում տասնամյակներ շարունակ, արել է Հայաստանի մարդկանց համար, այլ ոչ պատվի ու գովասանքի արժանանալու նպատակով։ Իրականում մենք չենք ցանկանում, որ մարդիկ իմանան` ինչ ենք մենք անում, մենք անում ենք մարդկանց համար, ոչ թե մեզ համար։ Ուրախ ենք լինել այստեղ՝ Հայաստանում»,- ասել է Սարգիս Իզմիրլյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր:
Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու արարողությունը տեղի է ունենալու այսօր նախագահական նստավայրում:
Նշենք, որ հայ եկեղեցու հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնական նվիրատու Տիգրան Իզմիրլյանին կոչում շնորհելուց հետո ազգային հերոսների թիվը կդառնա 28։