Պաշտոնական պահանջ չի եղել. Կոստանյանը` ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Վահան Կոստանյան
ՀՀ փոխարտգործնախարարը տարածաշրջանում նոր սպառնալիքների վերաբերյալ Բաքվի հայտարարություններն անընդունելի է համարում և վստահեցնում է` Հայաստանի իրավունքն է բոլոր գործընկերների հետ հարաբերությունները զարգացնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը Երևանին պաշտոնական պահանջ չի ներկայացրել ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները վերանայելու և ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Պատասխանելով հարցին` արդյոք հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ քարտուղարության արած հայտարարությունից հետո ՀԱՊԿ–ից դուրս գալու որոշակի գործընթաց սկսվի, Կոստանյանը շեշտեց` Երևանը դեռ ակնկալում է, որ ՀԱՊԿ–ը քաղաքական գնահատական կտա, որ ՀՀ սուվերեն տարածքները օկուպացվել են, մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերին։
ԱԳ փոխնախարարը նաև անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 5-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։
«Կարծում եմ, որ վաղը շատ սոլիդ միջոցառում, հանդիպում կունենանք, երբ կլինեն այն արդյունքները, այդ մասին կտեղեկացվեք»,– նշեց Կոստանյանը։
Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ հանդիպման ընթացքում ԵՄ–ին անդամակցելու հարց քննարկվի, ԱԳ փոխնախարարը շեշտեց` վաղվա միջոցառումն առավելապես վերաբերելու է տնտեսական և հումանիտար հարցերին։
Կոստանյանն անդրադարձավ նաև հարցին, որ ապրիլի 3-ին Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչի ընթացքում վերջինս իր անհանգստությունն էր հայտնել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ։ Ալիևը նաև սպառնացել էր, որ հանդիպումը հետաձգելու մերժումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի` խաղաղություն հաստատելու փոխարեն։
«Հաճախ այն պետությունները և կողմերը, որոնք դեմ են մեր այս ֆորմատով համագործակցությանը, մեդիադաշտում փորձում են առավել մեծ ակնկալիքներ ստեղծել, քան կարելի է վաղվա հանդիպումից ունենալ։ Դա արվում է հանրության մոտ որոշակի հիասթափություն առաջացնելու համար։ Նման մեկնաբանությունները բացարձակապես ընդունելի չեն այլ երկրների կողմից, դա մեր սուվերեն իրավունքն է` զարգացնել մեր հարաբերությունները բոլոր գործընկերների հետ»,– ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։