ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերացմանը: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 16–ին։ Ներկայումս համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: Համաձայնագրին միանալու դեպքում ՀՀ-ն կլինի տարածաշրջանում առաջինը:
«Կարևորելով Հայաստանում արևային էներգետիկայի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործումը և ոլորտի զարգացման հեռանկարները՝ շրջանակային համաձայնագրին միանալն իր նպաստը կբերի ոլորտում մրցունակության բարձրացմանը և հիմք կստեղծի արևային էներգետիկայի բնագավառում շրջանակային համաձայնագրի կողմ-պետությունների միջև համագործակցության զարգացման համար փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին միասնական պատասխան տալու միջոցով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համաձայն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի ՀՀ ՍԴ, որի որոշումից հետո համաձայնագիրը կուղարկվի Ազգային ժողով` քննարկման։
ՍԴ–ում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։