ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխանին: Տեղեկությունը հայտնում է «i24 News» հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
«Մենք պատրաստվում ենք», - հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրի խոսքը, որը միաժամանակ նշել է, որ այդ կապակցությամբ ոչ մի հիստերիա չկա:
Հիշեցնենք` ապրիլի 1-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Իսրայելը հարվածել է Դամասկոսում (Սիրիա) Իրանի հյուպատոսությանը: Հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Զոհվածների թվում են Սիրիայում և Լիբանանում «Քուդս» ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:
Թեհրանը հայտարարեց, որ վճռական պատասխան կտա Դամասկոսում Իսրայելի հարվածին։
Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը, իրադրության օպերատիվ գնահատմանը համապատասխան, կարգադրել է ժամանակավորապես չեղարկել բոլոր մարտական ստորաբաժանումների զինծառայողների համար նախատեսված արձակուրդները: