ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. «Ozon» մարկետփլեյսն առաջիկայում 1,5 անգամ կընդլայնի Երևանում գործող պահեստային համալիրը և առցանց պատվերների մշակման ամբողջական ցիկլ կգործարկի՝ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարկետփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն, կպահվեն ու կուղարկվեն և՛ Ռուսաստան, և՛ Հայաստան:
Մինչև տարվա երկրորդ եռամսյակի ավարտը «Ozon»-ը կգործարկի նաև Երևանում գտնվող պահեստի միջոցով հայկական ապրանքները ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսով` վաճառողները կկարողանան ապրանքները հնարավորինս մոտ պահել ռուսաստանցի սպառողին և կրճատել առաքման ժամանակը:
Իսկ մինչև 2024 թվականի ավարտը «Ozon»-ը նախատեսում է Հայաստանում պատվերների տրամադրման կետերի թիվը 192-ից հասցնել մոտ 500-ի։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Հայաստանում «Ozon»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը առաջին COM.E ON FORUM-ի ժամանակ, որն ընկերությունը կազմակերպել էր ապրիլի 3-ին Երևանում:
«Մենք ներկայացված ենք արդեն երկրի բոլոր խոշոր բնակավայրերում։ Չենք թաքցնում, որ Հայաստանում աշխատանքի առաջին ամիսներին լոգիստիկայի հետ կապված դժվարություններ ունեինք, քանի որ պատվերների ծավալը հենց սկզբից շատ ավելի մեծ էր, քան ակնկալում էինք։ Վերջին մեկ տարվա ընթացքում «Ozon»-ում գրանցվել է ավելի քան 2,5 հազար տեղական վաճառող։ Հարթակում ստացված պատվերների քանակը կրկնապատկվում է ամեն ամիս, իսկ շրջանառությունն ամսական երեք անգամ աճում է: Մենք ադապտացվում ենք շուկայի ծավալներին, ծրագրում ենք հետագայում ևս ակտիվորեն բարելավել լոգիստիկան, կրճատել ձեռներեցների ապրանքների առաքման ժամկետները և օգնել նրանց մեծացնել եկամուտները մարկետփլեյսի հետ», - ավելացրեց նա։
Աշոտ Հախվերդյան
© Photo : Пресс-служба Ozon
Ով չի կարողանում, կսովորեցնեն
ԱՊՀ-ում «Ozon»-ի գործառնությունների և զարգացման գծով տնօրեն Ալեքսեյ Սապոնը նշեց, որ հայաստանցի գործարարների համար (այդ թվում՝ փոքր ու միջին) նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի ներսում և «Ozon»-ի ներկայության այլ երկրներում վաճառք իրականացնելու համար։
Այս հնարավորությունները հատկապես կարևոր են փոքր և միջին բիզնեսի համար, որոնցից առևտրային ցանցերը ապրանքային կրեդիտ են պահանջում (առաջին 30-60 օրվա ընթացքում ապրանքների առաքումն անվճար է) կամ հրաժարվում են աշխատել որոշակի մակարդակից ցածր ծավալներով: Սապոնի խոսքով` ցանցերն անում են դա իրենց ապահովագրելու համար (ապրանքների անխափան մատակարարման համար), սակայն մարկետփլեյսին դա պետք չէ։
«Մեզ մոտ կարելի է աշխատել նույնիսկ ապրանքի փոքր քանակով, իսկ վճարումն իրականացնում ենք վաճառքից հետո առավելագույնը 10-12 օրվա ընթացքում։ Մենք, իհարկե, կայքում ունենք նաև գովազդի և ապրանքների առաջխաղացման գործիքներ, բայց դրանց օգտագործումը պարտադիր չէ», - ավելացրեց նա։
Բացի այդ, Ռուսաստանում վաճառք իրականացնելու համար հարկավոր չէ այնտեղ միջնորդ փնտրել կամ դուստր ձեռնարկություն բացել:
«Երևի ամենադժվարը ապրանքի «պրոֆիլ» ստեղծելն է, այսինքն՝ ապրանքն այնքան որակով պատկերելն ու նկարագրելը, որ գնորդն այն ընտրի՝ անգամ չդիպչելով դրան», - ասաց նա։
Գործարարների բոլոր հարցերին պատասխանելու համար «Ozon»–ում մասնագետների թիմ է աշխատում, որն անվճար խորհրդատվություն է տրամադրում:
Ապրանքների տրամադրման կետերը բիզնեսի ևս մեկ հնարավորություն են. դրանք կարող են բացվել ֆրանչայզինգի միջոցով (օգտագործելով «Ozon» ապրանքանիշը և բիզնես մոդելը): Բայց ի տարբերություն այլ ֆրանշիզաների` ապրանքների տրամադրման կետի սեփականատերը դրա համար լրացուցիչ չի վճարում. «Ozon»–ի եկամուտը ձևավորվում է վաճառքի միջնորդավճարից:
Ալեքսեյ Սապոն
© Photo : Пресс-служба Ozon
Տվյալների անվտանգություն
Ինչ վերաբերում է տվյալների պաշտպանությանը (քանի որ այստեղ մտնում են նաև հաճախորդների անձնական տվյալները և գաղտնի բիզնես–տվյալներ), ապա պահպանվում են անվտանգության բոլոր միջազգային չափանիշները: Այժմ Հայաստանում նման տվյալներով սերվեր բացառապես երկրի ներսում պահելու պահանջ չկա, բայց Հախվերդյանի խոսքով` եթե երկրի իշխանությունը նման որոշում ընդունի, «Ozon»-ը կհետևի դրան:
Հայկական գինի և ռուսական տնտեսական օճառ
«Ozon»-ում աշխատող 450 հազար ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից ավելի քան 100 հազարը ռուսական չեն։ Նրանց շարքում աճում է հայկականների թիվը, որոնք ամենալավ իմաստով փորձում են ամեն ինչ քամել մարկետփլեյսից։
Օրինակ՝ ալկոհոլի առցանց վաճառքը արգելված է Ռուսաստանի ներսում, ինչպես նաև Հայաստանում` առցանց առաքման դեպքում։ Սակայն Հայաստանի ներսում դա թույլատրված է, ուստի «Ozon»-ը նախատեսում է համագործակցություն զարգացնել տեղի գինեգործների, հատկապես փոքր, ընտանեկան արտադրությունների հիմնադիրների հետ: Հախվերդյանը նշեց, որ նրանց համար նույնիսկ փոքր հայկական շուկան լայն հեռանկարներ է բացում։
Մեկ տարվա ընթացքում «Ozon»–ը նախատեսում է Հայաստանի ներքին վաճառքները համադրելի դարձնել միջազգային (դեպի ՀՀ/ՀՀ-ից դուրս) վաճառքների հետ։
Հախվերդյանն ընդգծեց, որ բիզնեսը Հայաստանում (ինչպես և ցանկացած այլ երկրում) կարող է նաև վերավաճառել ոչ սեփական արտադրության ապրանքներ, եթե դրանց համար հարմար շուկա գտնի։
«Նույնիսկ մենք չենք կարող կռահել, թե որ ապրանքը լավ պահանջարկ կունենա։ Արդեն եղել են դեպքեր, որ հայաստանյան վաճառողները կենցաղային քիմիայի, նույնիսկ տնտեսական օճառի վաճառքի ալիք են ստեղծել։ Մարկետփլեյսում կարևոր է ոչ միայն ապրանքի ինքնարժեքը, այլև հաճախորդների հավատարմությունը։ Կրկնում եմ` մեր մասնագետները կարող են խորհուրդ տալ նաև այս հարցում»,– ասաց Հայաստանում «Ozon»-ի կոմերցիոն տնօրենը։
Աշոտ Հախվերդյան
© Photo : Пресс-служба Ozon
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ փակ Հայաստանի համար
Պատասխանելով հարցին, թե ինչու են Ռուսաստանում հասանելի մի շարք ապրանքներ փակ Հայաստանի համար, Աշոտ Հախվերդյանը պարզաբանեց, որ դա կապված է բացառապես օրենսդրության սահմանափակումների հետ (օրինակ՝ մի երկրից մյուսը դեղերի փոխադրման): Բոլոր երկրներում, որտեղ աշխատում է «Ozon»–ը, այդ սահմանափակումները մոտավորապես նույնն են:
«Հենց Հայաստանի կողմից ներկայացվող հատուկ սահմանափակումներ չենք նկատում։ Ընդհակառակը` բոլոր պետական մարմինները մեր հանդեպ գործընկերային, նույնիսկ բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում», - ավելացրեց նա։
Պատասխանելով հաճախ հնչող մեկ այլ հարցի՝ նա ընդգծեց, որ «Ozon»–ը հայկական առևտրային ցանցերի հետ շուկաների բաժանման մասին ոչ մի ստվերային պայմանավորվածություն չունի, որ չպիտի վաճառի մակարոնեղեն, արևածաղկի ձեթ և պահպանման երկար ժամկետով այլ սննդամթերք։
«Այդ ապրանքների տեղափոխման համար, հատկապես միջազգային առևտրի ժամանակ անհրաժեշտ է սերտիֆիկացում, արտահանման փաստաթղթերի ձևակերպում, դա բավական բարդ է։ Բայց կփորձենք միջոց գտնել այդ ապրանքների ներկայությունը մեզ մոտ կրկին ընդլայնելու համար», - ասաց Հախվերդյանը։
Առցանց առևտրի զարգացմանը նվիրված քննարկում, որը կազմակերպել էր «Ozon»–ը
© Photo : Пресс-служба Ozon
Ապրանքներ Հայաստանից՝ մեկ օրում
Ի աջակցություն տեղական բիզնեսի` «Ozon»-ն անցյալ տարի Երևանում խոշոր (2 հազար քմ) տեսակավորման կենտրոն բացեց։ Առաջիկա ամսվա ընթացքում ընկերությունը պատրաստվում է առաջարկել ապրանքների փաթեթավորման ծառայություն, իսկ 2-3 ամսվա ընթացքում սկսել ապրանքների ընդունում բիզնեսից պատվերների տրամադրման կետերի միջոցով, որոնցից շատերը ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի համար շատ փոքր հեռավորության վրա են: Բացի այդ, առաջիկա ամիսներին նախատեսվում է հայկական բիզնեսին առաջարկել ապրանքների պահպանում «Ozon»-ի` Ռուսաստանում գտնվող պահեստներում։ Եթե վաճառքները լավ են, օրինակ, Եկատերինբուրգում, հայաստանցի տնտեսվարողը կարող է «Ozon»-ին դիմել որոշակի քանակությամբ ապրանք այնտեղ պատրաստ պահելու համար, որպեսզի առաքումն իրականացվի երկու, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ մեկ օրում։
Նշենք, որ 2023 թվականին «Ozon»-ի ակտիվ հաճախորդների թիվն աճել է գրեթե մեկ երրորդով և հասել 46 միլիոնի, իսկ պատվերների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 950 միլիոնի։ Հայաստանում արդեն գրանցվել է ավելի քան 170 հազար ակտիվ օգտատեր։
Նյութը հրապարակվել է գովազդային հիմունքների վրա