ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն կարծում է, որ ԵՄ առաքելության մանդատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ–ն մամուլի քարտուղար Անի Բադալյանը` անդրադառնալով Իտալիայի ու մի քանի այլ երկրների մեկնաբանություններին, թե Ֆրանսիայի հայտարարությունները օգտակար չեն տարածաշրջանային կայունության տեսանկյունից:
Նշենք, որ ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ապահովման անհրաժեշտությանն ու զարգացումներին, սրացումից խուսափելու Հայաստանի իրական մտադրությանը՝ նաև մտահոգություն հայտնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր սպառնալիքների առնչությամբ:
«Կարծում ենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին: Դրա օրինակները շատ են թե՛ Հայաստանի հետ երկկողմ, թե՛ տարածաշրջանային ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության առումով»,– ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը կարևորում է Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ, որի առաքելությունը 2022թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով:
Նշենք, որ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմն այժմ պահպանվում է երկու կողմերի պատասխանատվության շնորհիվ, սակայն ակնհայտ է, որ երրորդ երկրների ներկայացուցիչների ցանկացած անսպասելի արտահայտություն նոր սրացումների վտանգ է պարունակում: