ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևան քաղաքի «ՀայՓոստ»-ի 0039 փոստային բաժանմունքի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Դիմակավորված անձը զենքը պահելով աշխատակիցների վրա՝ պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը, բայց դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել»,– գրված է կայքում։
Ըստ ականատեսների` ատրճանակով զինվածը եղել է բժշկական դիմակով։
Ենթադրյալ հանցագործը դիմել է փախուստի։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վաչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն արդեն պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը:
Ի դեպ, նշվում է, որ նշված «ՀայՓոստ»-ի բաժանմունքում նման դեպք է տեղի ունենում արդեն 3-րդ անգամ։