ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է կրկին խորհրդարան մտցնել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Տեղեկությունըհայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն:
«Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով կուսակցության քաղխորհրդի հետ, որոշել է կրկին խորհրդարան մտցնել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը», - հայտարարել է Մդինարաձեն ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ «Օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն կօգտագործվի «Օտարերկրյա ուժի շահերի հաղորդիչ կազմակերպություն» տերմինը։
Մդինարաձեն նշել է, որ հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է գրված այդ օրենքում, իր միակ պահանջն այն է, որ տարին մեկ անգամ հայտարարագիր լրացնի, հրապարակի արտասահմանյան ֆինանսավորում ստացող կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը, որի խախտման համար որոշակի տուգանքներ են նախատեսված:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին ԱՄՆ-ում գործող FARA օտարերկրյա գործակալների մասին օրենքի լիբերալ տարբերակը, որը ցանկանում էին ընդունել նաև Վրաստանում, ընդդիմությունն ու արևմտյան քաղաքական գործիչներն անընդունելի էին անվանել: Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կտրուկ արձագանքել էր օրենքին՝ մարտի 7-ը անվանելով «սև օր վրացական ժողովրդավարության համար» և հայտարարելով, որ «Կրեմլից ոգեշնչված» օրինագծերի քննարկումը շարունակելը հակասում է Եվրոպային ինտեգրվելու Վրաստանի ցանկությանը:
Դա հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության հետ։ Այն ժամանակ ուժայինները ցրել էին հանրահավաքը արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ։ Հաղորդվում էր մի քանի տուժածների մասին ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների, ինչպես նաև ձերբակալված մասնակիցների շրջանում: Հետագայում Վրաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագծին։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այն ժամանակ հայտարարեց, որ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը ապատեղեկատվության և քարոզչության շատ բարդ ալիք էր. նախագիծը նույնիսկ թղթի վրա չէր ձևակերպվել, երբ այն ռուսական օրենք անվանեցին: