ՌԴ–ի և Հայաստանի դաշնակցային կապերը բխում են 2 ժողովրդի շահերից. ՀՀ–ում ՌԴ դեսպանություն

Ռուսաստանի և Հայաստանի դրոշներ
Դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանը մշտապես հատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի սերտ, դաշնակցային կապերը համապատասխանում են ինչպես ռուսների, այնպես էլ հայերի արմատական, իրական շահերին։ Այս մասին ասված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ ՀՀ–ում ՌԴ դեսպանության տարածած հայտարարության մեջ:
«Անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են և՛ երկրները, և՛ աշխարհը, որում մենք ապրում ենք։ Ցավոք, մեր հարաբերություններում նաև շատ տարաձայնություններ կան, ինչպես նաև փոխադարձ պահանջներ։ Վստահ ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում ոչ միայն հնարավոր է շտկել այդ տարաձայնությունները և վերադառնալ նորմալ դաշնակցային հարաբերությունների, այլև դա միակ խելամիտ որոշումն է»,– ասված է հայտարարությունում։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցնում է, որ Երևանի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 33 տարի առաջ` 1992 թվականի ապրիլի 3-ին` նշելով, որ համաձայնագիրը երկու երկրների միջև փոխհարաբերություններում նոր փուլի սկիզբ դրեց։ Մեր ժողովուրդները միշտ միմյանց վերաբերվել են շատ բարեկամաբար և ջերմ։ Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ հիմնական փաստաթղթից ընդամենը մի քանի տարի անց 2 երկրների միջև ստորագրվեց բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր, և դա պատահական չէ։
Նշվում է, որ Ռուսաստանը միշտ հատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին` որպես դաշնակցի և կարևոր գործընկերոջ։
ԵԱՏՄ–ի շրջանակում ՀՀ–ի հետ աշխատանքը շատ կառուցողական է ընթանում. Օվերչուկ
Դեսպանությունը հիշեցնում է նաև, որ 2 երկրերն էլ ընդգրկված են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում` ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում, փոխգործակցում են ՄԱԿ-ի կառույցներում, միջազգային այլ ձևաչափերում: Երկրների միջև ամենատարբեր ոլորտներում գործում են համագործակցության շուրջ 200 համաձայնագրեր և այլ մեխանիզմներ։
Հարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում անվտանգության ոլորտը։ Հայաստանում և Հարավային Կովկասում կայունության ապահովման անգնահատելի գործոն է շարունակում լինել ռուսական 102–րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահների ներկայությունը:
Դինամիկ զարգանում է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում։ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է` արտաքին առևտրում 35,4 տոկոս ընդհանուր մասնաբաժնով, ինչպես նաև առանցքային ներդրողը` ավելի քան 40 տոկոս տեսակարար կշռով։
Հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերում գործում են ավելի քան 40 խոշոր ձեռնարկություններ` ռուսական կապիտալի 100% կամ մասնակի մասնակցությամբ, և նրանցից շատերը Հայաստանի խոշորագույն հարկատուներն ու գործատուներն են, որոնք ավանդաբար մեծ ուշադրություն են դարձնում բիզնեսի սոցիալական պատասխանատվությանը, իսկ նրանց կողմից բացված ձեռնարկությունները Հայաստանի բիզնես լանդշաֆտի անբաժանելի մասն են և իրենց ներդրումն են ունենում հանրապետության զարգացման գործում:
Անցած տարի Հայաստանի տնտեսական բարձր ցուցանիշները (ՀՆԱ աճը կազմել է մոտ 8 տոկոս), շատ փորձագետների կարծիքով, մեծապես պայմանավորված են Ռուսաստանի հետ կոոպերացիայով, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցությամբ: Հատկանշական է, որ ԵԱՏՄ երկրների շարքում 2023 թվականին տնտեսական աճի տեմպերով առաջատարը հենց Երևանն է։ 2023 թվականին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 41%–ով և կազմել 3,6 մլրդ դոլար։