Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ԵՄ երկրներում և ԱՄՆ–ում արգելել «Գորշ գայլեր»-ին

Ինստիտուտում կարծում են, որ կազմակերպությունը, որպես Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի կրող, սպառնալիք է ծայրահեղական գաղափարախոսության պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ահաբեկչական ճանաչել և ԵՄ երկրներում և ԱՄՆ–ում արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը (այժմ արգելված է միայն Ֆրանսիայում):
X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ կազմակերպությունը հիշեցնում է վերջերս Բելգիայի մի քանի քաղաքներում քրդերի և «Գորշ գայլերի» կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումները։
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ԵՄ միակ երկիրը, որն արգելել է «Գորշ գայլերը»,Ֆրանսիան է, և Եվրախորհրդարանի անդամները համապատասխան կոչով դիմել են դեռևս 2021 թվականի մայիսին։
Ինստիտուտում կարծում են, որ «Գորշ գայլերը»՝ որպես Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի կրող, սպառնալիք է ծայրահեղական գաղափարախոսության պատճառով ոչ միայն քրդերի, այլև այլ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ու ասորիների համար։