ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 6 երեխա է մահացել։ 5 տուժած երեխա շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում, նրանցից 2–ի վիճակը ծանր է, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
«Այս պահին տեղեկություն ունենք վեց մահացած երեխայի մասին, յոթը՝ վիրավորվել են, երկուսն արդեն տնային բուժում են ստանում, հինգը՝ հիվանդանոցում են, երկուսի վիճակը ծանր է, երեքինը` միջին ծանրության։ Ես այցելել եմ երեխաներին։ Մշտապես կապի մեջ եմ հիվանդանոցների գլխավոր բժիշկների հետ, երեխաներն անհրաժեշտ ամեն ինչով ապահովված են, կանխատեսումը դրական է»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվում էր զոհված հինգ երեխաների մասին։
Մարիա Լվովա-Բելովան նշել է նաև, որ ահաբեկչությունից հետո ութ երեխա որբ է մնացել, նրանց խնամակալությունը ձևակերպում են հարազատները:
Երեխաներին և նրանց ընտանիքներին հասցեական օգնություն ցուցաբերելու նպատակով բացվել է օպերատիվ շտաբ, որտեղ ստացվել են խնամակալության ձևակերպման, հրատապ մարդասիրական օգնության, պարզաբանումների հարցումներ:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն էր եղել, այնուհետև հրդեհ էր բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։