ՀՀ–ում տարեկան միջինում ծնվում է էքստրեմալ ցածր քաշով 153 երեխա. նրանց դեղն անվճար կլինի

Մինչ օրս Էքստրեմալ ցածր քաշով նորածիններին դեղամիջոցն անվճար չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է ծնողների սեփական միջոցների հաշվին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3000 երեխա, որոնցից 153` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ): Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել և պացիենտներին անվճար տրամադրում է Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը:
Նշենք, որ մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին:
«Դեղի անվճար տրամադրման շնորհիվ` կապահովվի նորածինների շրջանում ապրելիության աճ, հիվանդանոցային վարակների զարգացման ռիսկի և ինֆեկցիոն բարդությունների նվազում, հիվանդանոցներում մնալու տևողության կրճատում, թերապիայի արդյունավետության որակական բարձրացում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեղով ապահովված են ՀՀ բոլոր ծննդատների և մանկական հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները: