Գավառի մանկատան նախկին տնօրենը տարածքի մի մասում բարեկամին թույլ է տվել սրճարան կառուցել

Թեպետ վարձակալության պայմանագրով պետք է մանկական սրճարան գործեր, բայց տեղում գարեջրի շշեր ու պաստառներ են հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն իր ազգական Լ.Հ.-ին 2011 թվականին վարձակալության է տրամադրել մանկատանը պատկանող զբոսայգու 500 քմ ընդհանուր մակերեսով տարածքը՝ մանկական սրճարան կառուցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կատարված ուսումնասիրության համար հիմք է դարձել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը: 2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին):
«Քրեական վարույթով պարզվել է, որ 2011 թվականին կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է Լ.Հ.-ի վարձակալության իրավունքը՝ 750 քմ մակերեսով տարածքի նկատմամբ: 2015 թվականին կրկին վարձակալության պայմանագրով՝ նույն անձին է տրամադրվել 700 քմ մակերեսով տարածքը: 2020 թվականի օգոստոսի 11-ին գրանցվել է Լ.Հ.-ի կողմից կառուցապատման իրավունքը հողամասի՝ 0.0575 հա մակերեսով տարածքի նկատմամբ, իսկ շենք շինությունների նկատմամբ գրանցվել է կառուցապատողի օգտագործման և տիրապետման իրավունքը»,- տեղեկացնում են դատախազությունից։
Քրեական վարույթով պարզվել է նաև, որ վարձակալած անձը գույքն օգտագործել է պայմանագրի պայմաններին անհամապատասխան, այսինքն՝ ոչ որպես մանկական սրճարան։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են գարեջրի գովազդային պաստառներ, սեղաններին՝ մոխրամաններ:
Դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել հողամասերի նկատմամբ Լ.Հ.-ի իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ:
Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Գավառը
Միջնորդագրի արդյունքում՝ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցվել է։ Շենք-շինությունների նկատմամբ 2024 թվականի ապրիլի 1-ին գրանցվել է ՀՀ Հանրապետության սեփականության իրավունքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չհայտարարված այց էր կատարել Գավառի մանկատուն և մարզի դատախազ Գագիկ Այվազյանին մի շարք հանձնարարականներ տվել վերոնշյալ խնդրի վերաբերյալ: