ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն աճել է 3,8%-ով

Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հետագայում ևս խորացնել երկխոսությունը կառուցողական տրամադրված կազմակերպությունների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. 2023 թվականի արդյունքներով ԵԱՏՄ ՀՆԱ-ն աճել է 3,8%-ով։ Տեղեկությունը Պետդումայում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա նաև ընդգծել է, որ անցած տարի Ռուսաստանը նախագահել է ԵԱՏՄ-ում, իսկ միության անդամ երկրների ղեկավարները հաստատել են «Եվրասիական տնտեսական ուղի» ինտեգրման զարգացման մասին հռչակագիրը: Միշուստինը նշել է, որ այդ փաստաթուղթը ուղենիշ կդառնա բոլոր ուղղություններով ԵԱՏՄ պետության ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման համար։
Բացի ԵԱՏՄ-ից, Ռուսաստանը նաև ընդլայնում է համագործակցությունը ԱՊՀ շրջանակում. համագործակցության երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է մոտ 6 տոկոսով։
Դրա հետ մեկտեղ ՌԴ-ն ամրապնդել է իր մասնակցությունը տարածաշրջանային կարևորագույն միավորումներին։
«Դա, առաջին հերթին, ԲՐԻԿՍ-ն է, որում մեր երկիրը նախագահում է ընթացիկ տարում, և ՇՀԿ-ն», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանը նախատեսում է հետագայում ևս խորացնել երկխոսությունը կառուցողական տրամադրված կազմակերպությունների հետ, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: