ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տղամարդը սպանել է իր կնոջ քրոջը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 11:30-ի սահմաններում, հեռախոսների և աքսեսուարների խանութում։
Ահազանգով մեկնած ոստիկանները խանութում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին` «Մակարով» տեսակի ատրճանակ։ Այդ ընթացքում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։
Կայքի տեղեկություններով` տղամարդը Արցախի ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից է եղել։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են, որ նա մտել է խանութ, քենուն մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» ատրճանակով կրակել նրա գլխին, ինչից հետո ինքնասպան է եղել։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով:
Մահացած կինը Տավուշի մարզում հաշվառված 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը` 33-ամյա Խաչիկ Ա.-ն։