ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ն զգուշացնում և զգուշացնելու է չխստացնել հռետարաբանությունը և նախկինի պես հանդես է գալիս արդար ու արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու օգտին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հաղորդագրությունները։
Հարց ուղղելով՝ լրագրողը նշել է, որ ադրբեջանական կողմն առաջ է մղում հայկական կողմի՝ սահմանին իրավիճակը սրելու փորձի վարկածը` հայտարարելով զորքերի տեղաշարժերի մասին, մինչդեռ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը չի հաստատել այս տվյալները՝ տեղեկացնելով, որ իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է:
Միլլերը նշել է, որ Վաշինգտոնում ծանոթացել են ադրբեջանական կողմի հայտարարությանը ։
«Կցանկանայի նշել, որ երեկ ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է եղել՝ առանց զորքերի կամ հրետանու որևէ արտառոց տեղաշարժի՝ չնայած այդ հայտարարություններին։ Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել զերծ մնալ հռետորաբանության սրացումից կամ սահմանի երկայնքով ռազմական գործողություններից: Մենք շարունակում ենք խրախուսել արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը տարածաշրջանում, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները», - հայտարարել Է ամերիկացի դիվանագետը։
ԱՄՆ-ի կարծիքով՝ կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։
Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում են ՀՀ ԶՈւ կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է այդ պնդումները։ ԵՄ դիտորդական առաքելությունը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանային իրադրության դիտարկման ընթացքում ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել: