ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ucom ընկերությունը որոշել է «ՌՏՌ–Պլանետա» հեռուստաալիքն այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումներն արգելափակված են։ Տեղեկությունը նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների՝ տեղեկացնում ենք, որ Ucom ընկերության կողմից բաժանորդներին տրամադրվող «ՌՏՌ–Պլանետա» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները շարունակել են հեռարձակվել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի արգելքից հետո, քանի որ Ucom ընկերությունը տվյալ հեռուստաալիքի վերահեռարձակումն իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ucom–ից նաև նշում են, որ թեև իրենք չեն խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին` որոշել են «ՌՏՌ–Պլանետա»–ն այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են:
Հայաստանում գործող մյուս երկու օպերատորները՝ Team-ը և Ռոստելեկոմը, այժմ ևս չեն հառարձակում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները, քանի որ նրանք հեռարձակում են հանրային մուլտիպլեքսը։
Հիշեցնենք, որ մարտի 29–ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: