Նեթանյահուն խոստովանել է, որ ՑԱԽԱԼ–ը Գազայում հարվածներ է հասցրել անմեղ մարդկանց

Գազայի հատվածում ավելի վաղ գնդակոծվել էր միջազգային մարդասիրական կազմակերպության ավտոմեքենան, մարդիկ էին մահացել, այդ թվում` ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իսրայելցի զինվորականները չկանխամտածված հարված են հասցրել մի խումբ անմեղ մարդկանց։ Այդ մասին տեսաուղերձում հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ցավոք, վերջին մեկ օրվա ընթացքում ողբերգական դեպք է տեղի ունեցել, երբ մեր ուժերը չկանխամտածված թիրախավորել են Գազայի հատվածում անմեղ մարդկանց»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի հետագայում նման միջադեպեր չլինեն։ Նեթանյահուն չի հստակեցրել, թե որ միջադեպի մասին է խոսքը։
Վերջին տվյալներով՝ միջազգային կազմակերպության աշխատակիցների վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է մահացել, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։ Մասնավորապես իսրայելական ուժերը գնդակոծել են «World Central Kitchen»-ի աշխատակիցների ավտոմեքենան։ Թել Ավիվը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել միջադեպի հանգամանքները պարզելու համար։
ՄԱԿ–ի ԱԽ–ն Իրանի հյուպատոսությանը հասցված իսրայելական հարվածի հարցով նիստ կանցկացնի