Նարիշկինն ահաբեկչություն է անվանել Իսրայելի հարվածը Իրանի հյուպատոսությանը

Սիրիայում Իրանի հյուպատոսությունը Իսրայելի հարվածից հետո
ՌԴ ԱՀԾ ղեկավարը Իրանի դիվանագիտական առաքելությանը հասցված հարվածն անվանել է հանցավոր քայլ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ահաբեկչություն է անվանել Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածը և նշել է, որ ԱՀԾ կենտրոնակայանում այդ մասին լրացուցիչ տեղեկություններ կան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ապրիլի 1-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է իր երկու գեներալ-ռազմական խորհրդականների մահը Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարվածի հետևանքով: Հարձակման ընթացքում զոհվել է ԻՀՊԿ ևս հինգ սպա:
«Վստահ եմ, որ Արտաքին հետախուզության ծառայության կենտրոնակայանում այսօր արդեն առկա է լրացուցիչ տեղեկատվություն, տարբեր երկրների արձագանքը տեղի ունեցածին, Իրանի ինքնիշխան պետության, ինչպես նաև Սիրիայի ինքնիշխան պետության նկատմամբ, որի տարածքում այդ ահաբեկչական գործողությունն իրականացվել է, այդ այլանդակ, հանցավոր քայլին»,-ասել է Նարիշկինը լրագրողներին Բելառուսի Ազգային անվտանգության կոմիտեի և Արտաքին հետախուզական ծառայության կոլեգիայի նիստից հետո:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X սոցցանցի իր էջում գրել էր, որ Իրանում Վաշինգտոնի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակումից հետո: Նրա միջոցով, նախարարի խոսքով, ԱՄՆ կառավարությանը՝ «որպես իսրայելական ռեժիմի կողմնակցի, կարևոր հաղորդագրություն է ուղարկվել»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի թեմայով, նշանակված է ապրիլի 2-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: